«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ոչ ոք չէր կարող ճշգրիտ գուշակել, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը որքան ձայն կստանա»

«Ոչ ոք չէր կարող ճշգրիտ գուշակել, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը որքան ձայն կստանա»
05.06.2009 | 00:00

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ՉԷՐ»
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և հետագա հնարավոր զարգացումները մեկնաբանում է Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ
-Պարոն Իսկանդարյան, մայրաքաղաքի ավագանու ընտրություններն ավարտվեցին, և անակնկալ էր, թերևս, այն, որ ընդամենը երկու կուսակցություն և մեկ դաշինք հաղթահարեցին անհրաժեշտ 7 տոկոսի արգելքը։ Այս հանգամանքը Դուք օրինաչա՞փ եք համարում, թե՞, այնուամենայնիվ, տեղի է ունեցել այն, ինչ կանխատեսված չէր։
-Համենայն դեպս, սա շատ էլ անսպասելի չէր։ Այսպիսի արդյունքը կանխատեսելի էր ու տրամաբանական։ Ես նկատի չունեմ տոկոսները, որովհետև հասկանալի է` ոչ ոք չէր կարող ճշգրիտ գուշակել, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրը որքան ձայն կստանա։ Սակայն ՀՀԿ-ի հաղթանակն օրինաչափ է, ինչպես նաև այն, որ ԲՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը միանշանակ պետք է անցնեին 7 տոկոսի արգելաշեմը։ ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի պարագայում կանխատեսումները «կամ-կամ» էին, այսինքն, այդ ուժերի հնարավորությունները գնահատվում էին 7 տոկոսին մոտ, և այդ կանխատեսումն էլ սկզբունքորեն արդարացավ։ Օրինաչափ է նաև այն, որ ՀԱԿ-ը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և արդեն իսկ որոշում է կայացրել մանդատներից հրաժարվելու մասին։
-Այնուհանդերձ, ՀՀԿ-ի 47 տոկոս քվե ստանալն անսպասելի էր։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում ՀՀԿ-ն ստացել է մոտ 25 տոկոս, նախագահական ընտրություններում նրա թեկնածուն` Սերժ Սարգսյանը` 44 տոկոս։ Ինչո՞վ է բացատրվում առաջինի համեմատ 22, երկրորդի համեմատ 7 տոկոսի աճը։
-Եկեք ընդունենք, որ համապետական և տեղական ընտրությունները, այնուհանդերձ, իրարից տարբեր են։ Քաղաքական առումով սկզբունքային նշանակություն չունի` ՀՀԿ-ն ստացավ քառասո՞ւն, թե՞, ասենք, 57 տոկոս։ Քաղաքական համակարգի գործունեության տրամաբանությունից ելնելով, դա սպասելի էր։
-Սա հաջող ընտրարշավի՞, թե՞ վարչական ռեսուրսի կիրառման արդյունք է։
-Վարչական ռեսուրսն ընտրարշավի մի մասն է, կարիք չկա տարանջատելու։
-Հայաստանում` այո։
-Ոչ միայն Հայաստանում, սկզբունքորեն ամենուրեք։ Եթե որևէ մեկը կարծում է, թե ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլուր կառավարող կուսակցությունը չի օգտագործում տեղերում ունեցած իր ռեսուրսը, սխալվում է։ ՈՒրիշ հարց է, որ դա կիրառվում է այլ կերպ, գործում են այլ մեխանիզմներ։ Բայց ի՞նչ է, ի վերջո, վարչական ռեսուրսը քաղաքական ուժի համար. դա նրա ներկայացուցիչների առկայությունն է տեղերում։ Անհնարին է, որ որևէ կառավարող կուսակցություն հրաժարվի դրանից, ավելին` այդ թանկ արժեցող հաճույքը տրամադրության տակ ունենալու համար քաղաքական ուժերը զարգացած ժողովրդավարական երկրներում լուրջ միջոցներ են ծախսում։ Այս իմաստով, կրկնում եմ, արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, կա ընդամենն այդ ռեսուրսի կիրառման ձևերի տարբերություն։
-Անդրադառնանք ԲՀԿ-ի արդյունքներին։ Կային սոցիոլոգիական կանխատեսումներ, որ այս քաղաքական ուժը լուրջ մրցակից կլինի ՀՀԿ-ի համար, ինչը, փաստորեն, չարդարացավ։ Ձեր դիտարկումը։
-Թողնենք սոցիոլոգիական կանխատեսումները նրանց, ովքեր դրանցով զբաղվում են։ Ես զբաղվում եմ քաղաքական վերլուծությամբ, և այդ տեսանկյունից ի սկզբանե պարզ էր, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի ձայն չի ստանալու։ Ինչպես նաև անհնարին էր ՀԱԿ-ին 7 տոկոսի արգելաշեմից այն կողմ չթողնել։
-Նույն տրամաբանությամբ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է, գոնե, մոտենային 7 տոկոսի արգելաշեմին, բայց այդպես չեղավ։
-ՈՒրեմն` արձանագրենք, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դեպքում կային քաղաքական դրդապատճառներ, որոնք անհնարին էին դարձնում նրանց դուրս թողնելն ավագանու համար մղվող պայքարից։ Այսինքն, Հայաստանի քաղաքական համակարգը, երկրի քաղաքական ղեկավարությունը, տարբեր պատճառներից ելնելով, պետք է խրախուսեր կամ չէր կարող արգելակել այս ուժերի հաջողությունն ընտրություններում։ ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի դեպքում այդ հանգամանքը չկար, և շատ բան պայմանավորված էր այն հանգամանքով, թե այս ուժերն ինչպե՞ս կկառուցեն իրենց ընտրարշավը, կկարողանա՞ն խաղալ սեփական խաղը։ Արդյունքները ցույց տվեցին, որ նրանք վատ խաղացողներ են։
-Դաշնակցության պարագայում իշխանությունն արդյոք չպատժե՞ց այս ուժին` կոալիցիայից դուրս գալու համար։
-Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ իրենք վատ խաղացին։ Ի սկզբանե պարզ էր, որ կոալիցիայից դուրս գալով` ՀՅԴ-ն կորցնում է վարչական ռեսուրսի այն մասնաբաժինը, որն ուներ, և որը կարող էր կարևոր նշանակություն ունենալ 7 տոկոսի արգելաշեմը հաղթահարելու առումով։
-ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս չեկավ, տրամաբանորեն պետք է որ ունենար այդ ռեսուրսը, բայց ավելին չշահեց, քան դաշնակցությունը։
-Անկեղծ ասած, ինձ համար ՕԵԿ-ի պարագան դժվար է մեկնաբանել, որովհետև մանրամասն չեմ հետևել նրանց ընտրարշավին։ Դաշնակցությունն ինձ համար հետաքրքիր էր կոալիցիայից դուրս գալու հանգամանքը նկատի ունենալով, և կար ցանկություն հասկանալու, թե ինչ նոր մարտավարությամբ է հանդես գալու այդ կուսակցությունը` որպես ուրույն տեղ ու դեր ունեցող քաղաքական ուժ։ Իմ կարծիքով, նրանց ընտրարշավն ուղղակի թույլ էր կազմակերպված։ Իհարկե, տարածված տեսակետ կա, որ դաշնակցությունն այնքան կայուն հեղինակություն ունեցող ուժ է, որ ցանկացած դեպքում 10 տոկոս ունի գրպանում։ Բայց դա ամբողջ Հայաստանի կտրվածքով, ոչ թե Երևանի։ Բացի այդ, ՀՅԴ-ի հեղինակությունն ավելի բարձր է մարզերում, քան մայրաքաղաքում, և դա միշտ է այդպես եղել։ ՕԵԿ-ի պարագայում անհաջողության պատճառներն ինչ-որ տեղ նույնպես հասկանալի են։ Ժամանակին այդ կուսակցությունն ասպարեզ մտավ և կառավարող կոալիցիայի մաս կազմեց բավականին ինքնատիպ ձևով` իբրև երիտասարդ, թարմ ուժերով համալրված ուժ, որն անելու էր այն, ինչն ուրիշներին մինչ այդ չէր հաջողվում։ Հետո ՕԵԿ-ը, կոալիցիայից դուրս գալով, դարձավ ոչ տերպետրոսյանական ընդդիմություն։ Այսինքն, նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սկսեց աշխատել այն ընտրազանգվածի վրա, որը սկզբունքորեն դժգոհ էր իշխանություններից, բայց միաժամանակ ոչ մի դեպքում չէր քվեարկի Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Ավելի ուշ ՕԵԿ-ը կրկին հայտնվեց իշխանական կոալիցիայում` արդեն այլ ձևով ու որակով։ Եվ այդ հանգամանքը, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն ունեցավ նրան սատարող ընտրազանգվածի տրամադրությունների վրա։
-Անդրադառնանք Հայ ազգային կոնգրեսին։ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են լցոնումների և հանձնաժողովների միջոցով, ինչպես նաև` գնվել։ Ո՞րն է ավելի մոտ իրականությանը։
-Ցավոք, այս անգամ ես ընտրությունների օրը Հայաստանում չէի և տեղամասեր այցելելու հնարավորություն չեմ ունեցել` սեփական կարծիք ձևավորելու համար։ Բոլոր տեսակի դիտորդների գնահատականներին միշտ վերաբերվում եմ մեծ վերապահությամբ, ոչ այն պատճառով, որ սուտ են խոսում, պարզապես նման դեպքերում ճշմարտությունը պարզելու համար հատուկ ուսումնասիրություն է պետք։ Փաստ է, որ միջազգային դիտորդներն ընդամենը 15-ն էին, հետևապես քիչ բան են հասցրել տեսնել ու հասկանալ։ Տեղական դիտորդները, որպես կանոն, քաղաքականապես կողմնորոշված են լինում, և մեծ մասամբ նրանց կարծիքը բխում է ոչ այնքան իրողությունից, որքան իրենց քաղաքական համակրանք-հակակրանքներից։ Ընտրություններն անցել են այնպես, ինչպես միշտ, և եղել է ամեն ինչ` լցոնումներ, ձայների գնում, նաև քվեարկություն` գաղափարական համակրություններից ելնելով։ Բայց եթե խնդրին մոտենանք տրամաբանորեն, ապա ՀԱԿ-ի գործիչներից մեկը հայտարարեց, որ այս ընտրություններում ձայներ գնելու առումով Հայաստանը մտավ Գինեսի ռեկորդների գրքի մեջ։ Միևնույն ժամանակ, նույն ՀԱԿ-ի մեկ այլ գործիչ հայտարարեց, թե ընտրությունները կեղծվել են, ժողովուրդը քվեարկել է մի կերպ, ցույց է տրվել այլ արդյունք։ Այս երկու հայտարարություններն իրար արդեն հակասում են։ Մյուս կողմից, եթե ընտրությունների ընթացքում ձայներ գնելու ցանկություն կա, ուրեմն, այդ ձայնը պետք է` ինչ-որ տեղում հաշվելու համար։ Հենց այնպես ոչ ոք ասֆալտապատում չի իրականացնում, դուռ-լուսամուտ չի տեղադրում, անձնագրեր չի հավաքում, ընտրողին ավտոբուսով տեղամաս չի բերում, եթե նրա ձայնը պետք չէ։ Ես իմ կյանքի առաջին 30 տարիներն ապրել եմ ԽՍՀՄ-ում, և այն ժամանակ ոչ ոք իմ ձայնը գնելու ցանկություն չուներ։ Միևնույն է, բոլորը քվեարկում էին կոմունիստների ու անկուսակցականների բլոկի օգտին։ Ձայներ գնելու տեխնոլոգիաներ չկան, ասենք, Թուրքմենստանում։ Այսպիսով, եթե ձայները հաշվելու կարիք չկա, դրա համար ոչ ոք չի էլ վճարում, միևնույն է, հարցը լուծվելու է լցոնումներով ու հանձնաժողովներով։ ՈՒստի կարող ենք հանգել հետևության, որ լցոնումները կամ ընտրակեղծիքների այլ դրսևորումները հանձնաժողովներում վճռորոշ չեն եղել։ Վճռական խոսքը եղել է ընտրողինը, ով, այս կամ այն շարժառիթով, եկել է ընտրատարածք և քվեարկել։ Եթե ընդդիմությունը կարող էր իր համախոհներին բերել ընտրությունների, ուրեմն` պետք է բերեր, եթե չի կարողացել, ուրեմն` չի կարողացել։
-Ընդդիմության համակիրների շրջանում և, առհասարակ, հասարակության մեջ, շրջանառվում էին տեսակետներ, որ եթե ընտրություններն արձանագրեն ՀԱԿ-ի պարտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու իրեն աջակցող ուժերը պիտի փորձեն ավարտել չավարտված հեղափոխությունը։ Մինչդեռ ընդդիմության առաջնորդը, ընտրությունների արդյունքները չընդունելով և իշխանությանը վերջնականապես մերժելով հանդերձ, վերջին հանրահավաքից հետո ժողովրդին տուն ուղարկեց։
-Որովհետև հեղափոխությունն իրատեսական սցենար չէր։ Իմ կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությանը համակրող զանգվածն ավելի քիչ է, քան 2008-ի փետրվարի 20-ին կամ մարտի 1-ին։ Եթե այն ժամանակ հեղափոխությունը չհաջողվեց, հիմա կրկնակի, եռակի անգամ դժվար է այդ թափանիվը կրկին շարժման մեջ դնել։ Դա իրատեսական չէ, և դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից, ինքն էլ է այդպես համարում։
-Սակայն ՀԱԿ-ի առաջնորդը նշեց, թե իրենք ուղղակի արկածախնդրության չեն դիմի և իրենց քայլերը կնախապատրաստեն։
-Եթե հեղափոխություն չի լինելու, ապա քո օգտին քվեարկած 70 հազար մարդուն պետք է ինչ-որ բան ասել։ Քաղաքական առումով շատ սխալ է հայտարարել, որ ոչինչ չստացվեց, նման բան չի անի ոչ մի քաղաքական գործիչ, եթե նա ուզում է ասպարեզում մնալ։ Այսինքն` դա քաղաքական վարքագիծ չէ։ Ըստ այդմ, պետք է ասվեր, որ ՀԱԿ-ը շարունակելու է հակադրվել իշխանությանը և ծրագրեր մշակել։ Տեսականորեն երկու տարբերակ կա. կա՛մ պիտի ասվեր. «Պրոլետարներ բոլոր երկրների, ներեցե՛ք», կա՛մ` «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»։
-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ՀԱԿ-ի գործունեության հեռանկարը։
-Երկու տարբերակ կա։ Առաջինը, որ այս շարժումն աստիճանաբար կմարի, մինչև վրա կհասնի մարգինալացումը։ Այսինքն, կմնա մարդկանց մի ոչ մեծ խումբ, ովքեր կրողն են իշխանության նկատմամբ բացարձակ մերժողական մոտեցումների, չեն ընդունում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ իշխանության որևէ թևի օրինական գոյությունը։ Այդպիսի շարժումներ այլ երկրներում մարգինալացված վիճակում գոյատևում են տասնամյակներ շարունակ։
Ավելի քիչ հավանական է երկրորդ տարբերակը, բայց ես կցանկանայի, որ հենց այդ սցենարով ամեն ինչ զարգանար։ Այսինքն, ՀԱԿ-ի հիմքի վրա ձևավորվեր լուրջ ընդդիմություն։ Այդ շարժման մեջ ընդգրկված մարդիկ կարողանային իրենք իրենց փոխել, և այդ ուժն ընտրություններում մեկ անգամ հարվածելու համար նախատեսված գործիքից վերածվեր մշտապես գործող լուրջ ընդդիմադիր ուժի։ Այդպիսի ուժի պահանջարկ Հայաստանում կա, բայց ես վստահ չեմ, որ ՀԱԿ-ը կկարողանա դառնալ հենց այդպիսի ընդդիմություն։
-Իսկ դաշնակցությո՞ւնը։
-Դաշնակցությունը չի կարող դառնալ «հայավարի» ընդդիմություն։ Հայաստանում ընդունված է համարել, որ ընդդիմություն լինելն ամեն ինչ ժխտելու մեջ է։ Եթե դու իշխանության հետ որևէ հարցում համամիտ ես, կարող ես նույնիսկ մաս կազմել այդ իշխանությանը, հետո դուրս գալ, այլևս դժվար է հանրային գիտակցության մեջ ընդդիմադիր ուժի ընկալում ձեռք բերելը։ Հայաստանում հաստատված է այս ընկալումը, թեպետ Արևմուտքում այնպիսի ընդդիմություն չկա, որը բացարձակապես մերժի ամեն ինչ, անօրինական համարելով այն ամենը, ինչը կոչվում է «պետություն»։ Սկսած Սահմանադրությունից, վերջացրած ընտրություններով։ Դաշնակցությունը փորձում է լինել դասական ընդդիմություն և դեմ է հանդես գալիս իշխանությանը արտաքին քաղաքականության, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների մասով։ Պետք է ընդունել, որ ՀՅԴ-ն սկզբունքային է այս հարցում և հանեց իր նախարարներին կառավարության կազմից։ Այսինքն` այս ամենը լուրջ է, և դաշնակցությունը կձգտի դառնալ հենց եվրոպական տիպի ընդդիմություն, բայց չեմ կարծում, թե երբևէ այնպիսի կեցվածքով հանդես կգա, ինչպես ՀԱԿ-ն այսօր։
-Ի՞նչն է Ձեզ համար ամենահետաքրքիրն այս ընտրարշավում, որը Դուք Ձեզ համար նոր բացահայտեցիք։
-Ամենահետաքրքիրն այն էր, որ պարզվեց` իշխանության, քաղաքական համակարգի ներսում կա մրցակցային իրավիճակ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է լուրջ մրցակցությանը, ինչի դրսևորումներն էին ընտրարշավի ընթացքում տեղ գտած տարբեր բախումները։
-ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի՞ միջև։
-Ոչ միայն։ Մեթոդները, միգուցե, ամենաքաղաքակիրթը չէին, բայց լուրջ մրցակցության առկայությունը քաղաքական համակարգի առանձնահատկության ցուցանիշ է։ Երբ լուրջ կառույցներ միմյանց հետ պայքարում են կարկանդակից իրենց մասն ունենալու համար, դա միանգամայն լուրջ պայքար է և կոչվում է «քաղաքականություն»։ Թուրքմենստանում, ՈՒզբեկստանում և նույնիսկ Ղազախստանում նման բան չկա։ Իսկ դա քաղաքական համակարգի հետագա զարգացման տեսանկյունից շատ կարևոր է։
-Մի ճշտող հարց. Ձեր կարծիքով, ԲՀԿ-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, կանգնա՞ծ էր, թե՞ ոչ։
-Ճիշտն ասած, չգիտեմ, բայց դա սկզբունքորեն կարևոր չէ։ Տեսականորեն, թերևս, կանգնած չէր։ Անշուշտ, նա լուրջ ջանքեր է ներդրել այդ կուսակցության ստեղծման գործում, բայց այսօր ԲՀԿ-ն նրա կուսակցությունը համարելը ճիշտ մոտեցում չէ։ Կարծում եմ` նա առանձնապես ակտիվ չի մասնակցում քաղաքականությանը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2439

Մեկնաբանություններ